concept

Աշակերտություն բադիկների օրինակով. առաջնորդել անմիջապես

Կիսվել այս էջով

Ի՞նչ կապ ունեն բադիկները աշակերտության հետ։ Երբևէ հանդիպե՞լ եք զբոսանքի դուրս եկած բադիկների խմբի։ Բադիկները բացահայտում և ներկայացնում են կարևոր մի սկզբունք աշակերտության գործում: Եթե ցանկանում եք, որ Աստծո ընտանիքը ընդարձակվի և աճի հավատարմության մեջ, ուրեմն աշակերտությունը դիտարկե´ք բադիկների օրինակով՝  դառնալով հետևորդ և առաջնորդ միաժամանակ:

Անկախ այն բանից, թե որ երկրում եք բնակվում, տեսարանը միշտ նույնն է։

Առջևից քայլում է մայր բադը, իսկ հետևից՝ բադիկները՝ մեկ գծով շարված։ Մայր բադն առաջնորդում է։ Բադիկները հետևում են։ Սակայն, եթե ավելի մոտիկից դիտարկենք, կտեսնենք որ այնտեղ մի ուրիշ բան էլ է կատարվում։ Բադիկներից յուրաքանչյուրը միևնույն ժամանակ երկու դերակատարում ունի։

  • Ամեն մի բադիկ ՀԵՏԵՎՈՐԴ է, քանի որ նա հետևում է մայր բադին, կամ անմիջապես իր առջևից գնացող բադիկին։
  • Միևնույն ժամանակ յուրաքանչյուր բադիկ նաև ԱՌԱՋՆՈՐԴ է, քանի որ այն առաջնորդում է անմիջապես իր ետևից եկող բադիկին (կամ բադիկներին)։

Այսպիսով, բադիկը ՀԵՏԵՎՈ՞ՐԴ է, թե՞ ԱՌԱՋՆՈՐԴ։ Երկուսն էլ։

Ահա´, թե ինչ կապ ունեն «զբոսանքի դուրս եկած» բադիկները աշակերտության հետ։ Աստված ցանկանում է, որ Իր ընտանիքն ավելի մեծանա, ուստի ակնկալում է, որ յուրաքանչյուր հետևորդ դառնա առաջնորդ, յուրաքանչյուր հավատացյալ դառնա փոխանցող և յուրաքանչյուր աշակերտ դառնա աշակերտող․ և դա պետք է տեղի ունենա միաժամանակ։

Ծուղակներից մեկը, որի մեջ հաճախ ընկնում ենք որպես աշակերտ և աշակերտող, այն սխալ համոզմունքն է, որ նախքան ինչ-որ մեկի հետ որևէ բան բաժնեկցելը պետք է ամեն բան իմանանք կամ էլ գոնե շատ բան իմանանք։ Սակայն աշակերտությունն այդպես չի գործում։ Աշակերտները նման են բադիկներին։ Առաջնորդելու համար կարիք չկա ամեն բան իմանալ։

Ընդամենը պետք է մեկ քայլ առաջ լինել։ Աստված ցանկանում է, որ Իր ընտանիքը աճի հավատարմության մեջ, և ակնկալում է, որ յուրաքանչյուր առաջնորդ լինի հետևորդ, յուրաքանչյուր բաժնեկցող լինի հավատացյալ, և յուրաքանչյուր աշակերտող լինի աշակերտ միաժամանակ։ Մյուս ծուղակը, որի մեջ հաճախ ընկնում ենք որպես աշակերտներ և աշակերտողներ, այն սխալ համոզմունքն է, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ամեն բան գիտի, և եթե գտնենք ու հետևենք այդ մեկին, ուրեմն ամեն բան լավ է։ Սակայն աշակերտությունը նման կերպ չի գործում։

Աստծո արքայությունում կա միայն մեկ «մայր բադ», որին մենք բոլորս հետևում ենք, և դա Հիսուս Քրիստոսն է։ Ո՛չ միսիոներ։ Ո՛չ  հովիվ։ Ո՛չ որևէ հոգևոր համալսարանի դասախոս։ Միայն Հիսուսն է արժանի մեր ամբողջական հավատքին և վստահությանը։

Մնացած բոլորս «ընթացքի» մեջ ենք։ Միշտ էլ կլինեն Հիսուսին ավելի մոտ գտնվող մարդիկ, որոնց կարող ենք հետևել։ Եվ միշտ էլ կլինեն Հիսուսից շատ հեռու գտնվող մարդիկ, որոնց կարող ենք առաջնորդել։ Բայց որտեղ էլ լինենք, մեր աչքերը և սրտերը պետք է միշտ Հիսուսին սևեռենք։

Աստվածաշնչում, Պողոսը, ով գրել է Նոր Կտակարանի մեծ մասը և շատ եկեղեցիներ է հիմնել, չի գրել «Հետևե´ք ինձ»։ Այլ գրել է․ «Հետևե´ք ինձ, ինչպես ես էլ հետևում եմ Քրիստոսին»։ Պողոսը գիտեր, թե բոլոր բադիկները ինչ գիտեն, և թե յուրաքանչյուր աշակերտ ինչ պետք է իմանա։ Աստծո Արքայության մեջ յուրաքանչյուր առաջնորդ պետք է լինի հետևորդ, և բոլորս պետք է հետևենք Հիսուսին։

Աստվածաշնչում Պողոսը նույնպես գրել է․ «Եվ այն բաները, որ ինձանից լսեցիր․․․․ հանձնի´ր հավատարիմ մարդկանց, որ կարող լինեն ուրիշներին սովորեցնել»։ Պողոսը գիտեր, թե բոլոր բադիկները ինչ գիտեն, և թե յուրաքանչյուր աշակերտ ինչ պետք է իմանա։ Աստծո Արքայության մեջ յուրաքանչյուր հետևորդ պետք է առաջնորդ լինի, և բոլորս պետք է Հիսուսի նման առաջնորդենք՝ մեր անձերը դնելով ուրիշների համար։ Եթե ցանկանում եք, որ Աստծո ընտանիքը ընդլայնվի և աճի հավատարմության մեջ, ուրեմն աշակերտությունը դիտարկե´ք բադիկների օրինակի տեսանկյունից․ դարձե´ք հետևորդ և առաջնորդ միաժամանակ։

Հարցրե´ք ինքներդ Ձեզ

  • Աշակերտության ո՞ր ոլորտի մասին (օրինակ՝ Աստվածաշնչի ընթերցում/ընկալում, աղոթք, Աստծո պատմության փոխանցում և այլն) կցանկանայիք ավելի շատ բան իմանալ: Ո՞վ կարող է օգնել ձեզ այդ հարցում:
    • Աշակերտության ո՞ր մասը կարող եք փոխանցել ուրիշներին: Ո՞ւմ կցանկանայիք այն փոխանցել։

Սկսեք Zúme դասընթացը այսօր

Այն ամբողջովին անվճար է, և կարող եք սկսել ցանկացած ժամանակ՝ ընթանալով ձեր սեփական տեմպով, որտեղ էլ որ լինեք։

Գրանցվե´ք անվճար